ԱՄՆ ծովային հետևակը հուլիսի 23-ին Ճապոնիա է հասցրել MV-22 Osprey կոնվերտոպլանը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տեխնիկական ստուգման ավարտից հետո 2012 թ. հոկտեմբերին նախատեսվում է այն տեղափոխել ԱՄՆ Ծովային հետևակի բազա՝ Օկինավա: Տեղի բնակիչները և Օկինավայի նահանգապետը դեմ են հանդես գալիս երկրի տարածքում ամերիկյան ինքնաթիռների ներկայությանը:
Ճապոնացիների մտավախությունները պայմանավորված են Osprey-ի մասնակցությամբ մի քանի միջադեպերով. 2012 թ. հունիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի CV-22 Osprey-ը վթարի ենթարկվեց Ֆլորիդայում, ինչի հետևանքով տուժեց անձնակազմի 5 անդամ: Ավելի վաղ՝ ապրիլին, MV-22 Osprey էր կործանվել Մարոկոյում:
Agence France-Presse-ը նշում է, որ ո՛չ Օկինավայի բնակիչները, ո՛չ իշխանությունները ֆորմալ կերպով չեն կարող դիմադրել ճապոնական կղզիներում Osprey-ի տեղակայմանը: Իրադրության վրա կարող է ազդել միայն Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում տեղակայված է շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայող, նրանց մոտ կեսը՝ Օկինավայում:











































