«Մեմորիալ» և «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունների իրավապաշտպանները չեն հրաժարվի արտասահմանյան դրամաշնորհներից, սակայն դրանով հանդերձ չեն պատրաստվում գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ծիծաղելի է, որ մենք այդ օրենքից վախեցած սկսեինք հրաժարվել արտասահմանյան նվիրատվություններից: Դա կապված չէ այն բանի հետ, որ մեզ համար դժվար է գտնել նվիրատվություն Ռուսաստանում, թեև մենք դա կփորձենք անել ու կանենք, սակայն ոչ մի կրիմինալ ու արատավոր բան չենք տեսնում, որ դրամաշնորհներ ենք ստանում միանգամայն օրինական օտարերկրյա կազմակերպություններից»,- ««Մեմորիալի» ղեկավար Օլեգ Օրլով խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Նա հավելել է, որ կազմակերպությունը ինքնակամ չի գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ»:
«Դա ստորացուցիչ է, ու անհեթեթություն կլիներ` գնալ ու գրանցել ինքներս մեզ՝ որպես օտարերկրյա գործակալ»,- ասել է Օրլով:
Նա հավելել է, որ «Մեմորիալը» կձեռնարկի բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը այդ խտրական պրակտիկայի դեմ», որը սահմանված է հիշյալ օրենքով:
«Մենք հայտարարում ենք այդ օրենքին քաղաքացիական անհնազանդություն»,- հայտարարել է «Հանուն մարդու իրավունքների» շարժման ղեկավար Լև Պոնոմարյովը:
«Մենք երբեք չենք լինի գործակալներ ու չենք ենթարկվի այդ օրենքին: Մենք ռուս քաղաքացիների գործակալներ ենք: Մենք պետք է շարունակենք ստանալ օտարերկրյա դրամաշնորհներ ու պետք է բաց խոսենք դրա մասին»,- հայտարարել է նա շաբաթ օրը:
Պոնոմարյովը կարծում է, որ նոր օրենքը «խախտում է մի շարք միջազգային պարտավորություններ. որոնք Ռուսաստանը վերցրել է իր վրա»:
Նա չի բացառել, որ շարժման ներկայացուցիչները կդիմեն Ռուսաստանի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե իրենց պատասխանատվության ենթարկեն օրենքին չենթարկվելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, ըստ որի՝ դրանք կգրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ» այն դեպքում, եթե ֆինանսավորվեն արտասահմանից:
Օրինագիծը Պետդուման ընդունել է հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 18-ին այն արժանացել է Դաշնային խորհրդի հավանությանը: Ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին օրենքի համաձայն՝ արտասահմանից ֆինանսավորվող, քաղաքական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար կգործեն ստուգումների և հաշվետվության խիստ կանոններ:
Օրինագիծը սուր արձագանք է ստացել և բազմիցս քննադատվել է ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապաշտպանների կողմից:
Օրինագծի հեղինակը «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն է: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 120 օր հետո:











































