Սվերդլովի մարզի Ասբեստ քաղաքում անհայտ ակտիվիստները հարբած վարորդների համար մի քանի «ավտոկայանատեղի» են պատրաստել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Vkontakte սոցցանցի Типичный Асбест խմբին: «Կայանատեղի՝ հարբած վարորդների համար» գրառումը վարորդներին առաջարկում է մեքենան կայանել փոսում կամ լուսարձակների սյուներին կպած:
Դեռևս հայտնի չէ, թե ով է կազմակերպել այս սոցիալական արշավը: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ասբեստում մի քանի ավտոճանապարհային վթարներ են գրանցվել անսթափ վարորդների պատճառով. զոհվել է 1 մարդ:
Ներկայում ՌԴ Պետդուման դիտարկում է օրինագիծը, որը նախատեսում է վերադարձ այն նորմերին, համաձայն որոնց՝ վարորդն իրավունք ունի արյան մեջ ունենալ առավելագույնը 0,3 պրոմիլե ալկոհոլ (50 գրամ օղի, 30 գրամ կոնյակ, 200 գրամ շամպայն, 100 գրամ գինի կամ 300 գրամ գարեջուր): 2010 թվականի ամռանից գործում է օրենսդրական այն կետը, համաձայն որի՝ հարբած է համարվում նույնիսկ այն վարորդը, որի արյան մեջ առկա է ալկոհոլի նվազագույն պարունակություն:










































