ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է Եվրասիական միություն ստեղծելու Պուտինի գաղափարին: Հանրապետական կուսակցությունը, ինչպես հայտնի է, դեմ է արտահայտվել այդ գաղափարին, իհարկե՝ ոչ անմիջականորեն, այլ հայտարարելով, թե Հայաստանն ընտրում է Եվրամիության հետ ինտեգրացիայի ճանապարհը՝ դա համարելով զարգացման գրավական: Այդ մասին հոդվածով ռուսական մամուլում հանդես եկավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փաստացի՝ այդպիսով Հայաստանի իշխանական համակարգը կարծես թե փորձում է հավասարապես ծածկել թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ուղղությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի ընտրելով արևմտյան կուրսը, իսկ ի դեմս ԲՀԿ-ի՝ ռուսականը: Իհարկե, դա չի նշանակում, թե տեղի է ունենում պարզ դերաբաշխում: Գուցե իսկապես այլ են համոզմունքները, այլ են քաղաքական կողմնորոշումները, բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհով իշխանությունը փորձում է հավասարակշռել իրավիճակը և արձագանքել արտաքին քաղաքական զարգացումներին:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կան լուրջ ներքին և արտաքին հակասություններ, սակայն ինչպես ներքին կյանքում են այդ կուսակցությունները գծել իրենց տարաձայնությունների սահմանը, և դրանից այն կողմ գալիս են պայմանավորվածություններն ու փոխզիջումները, այդպես էլ արտաքին առումով կարծես թե գծվել է մի սահման, որով նրանք փորձում են համարժեք արձագանքել արտաքին իրավիճակին, ինչպես ներքին սահմանի դեպքում ներսի գործընթացների հանդեպ են ցուցաբերում առավել ադեկվատություն: Համենայն դեպս՝ այնքան ադեկվատություն, որ իշխող համակարգը շատ ավելի կենսունակ է դարձել, քան ընդդիմության համակարգը, ընդդիմադիր դաշտը:
Այս իրավիճակին ընդդիմադիր քաղաքական դաշտում կա երկու հիմնական արձագանք՝ մեկը Հայ ազգային կոնգրեսի խաղն է ԲՀԿ-ի հետ, այլ կերպ ասած՝ պարզապես Կոնգրեսի ծառայության անցնելը ԲՀԿ-ի մոտ, իսկ մյուսը Կոնգրեսից դուրս եկող քաղաքական ուժերի դիրքավորումը արևմտյան քաղաքակրթական կողմնորոշման ներքո, որտեղ մինչ այդ դիրքավորվել էր «Ժառանգությունը», իսկ խորհրդարանի ընտրությունից առաջ էլ նրան էր միացել «Ազատ դեմոկրատները»:
Կասկած չկա, որ այդ գործընթացը արժանանալու է բավական ուժեղ քննադատության թե՛ Կոնգրեսի, թե՛ ԲՀԿ-ի կողմից, քանի որ ինչքան էլ ԲՀԿ-ն փորձում է ՀՀԿ-ի հետ հավասարակշռել իշխանական համակարգին սպառնացող արտաքին իրավիճակը, միևնույն է, կա նաև կուսակցական քաղաքական շահը, նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը, որի աջակից կենտրոն է դիտվում Ռուսաստանը: Խաղի այդ մարտավարությունը ընդունել է նաև Կոնգրեսը, ու ներկայումս ընդդիմադիր դաշտում ձևավորվող արևմտյան կողմնորոշման թևը լուրջ մարտահրավեր է Կոնգրես-ԲՀԿ-Քոչարյան թևին և, ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտում ռուսական ազդեցությանը: Այդ պատճառով էլ ամեն առիթ օգտագործվում է այդ թևին հարվածներ հասցնելու համար: Սակայն, պետք է պատրաստ լինել դրան, պատրաստ լինել ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև փաստարկների մակարդակով՝ քաղաքական հարձակումները հետ մղելով փաստարկված, քաղաքականապես գրագետ հակադարձումներով, հանրության համար պարզ և համոզիչ բացատրություններով:
Ի վերջո, Հայաստանում նոր քաղաքական բևեռի ձևավորումը պետք է ոչ միայն անվանապես, այլ նաև քաղաքական գործունեության որակով տարբերվի մինչ այդ եղածներից, որպեսզի ստեղծվի հանրային արդյունավետության զգալի հիմք: Այդտեղ է նոր բևեռի շանսը մինչ այդ գոյություն ունեցածների համեմատ: Ոչ թե իշխանության գալու, այլ նախ և առաջ հասարակության մոտ վստահություն կուտակելու և հանրային նոր մշակույթի մոդելավորող դառնալու շանսը:











































