Build-up ընկերության աշխատակիցներին, ովքեր աշխատանքներ են իրականացրել երկրաշարժից և ցունամիից տուժած «Ֆուկուսիմա -1» էլեկտրոկայանում, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով ստիպել են կեղծել անձնական դոզիմետրերի մակարդակը: Այս մասին գրել է Asahi Shimbun ճապոնական թերթը:
Թերթի փոխանցմամբ` Build-Up-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պահանջել է դոզիմետրերը փակել կապարե շերտով ստացված ճառագայթման մակարդակն իջեցնելու համար: Ըստ կանոնների` աշխատակիցների ճառագայթման մակարդակը չպետք է գերազանցի 50 միլիզիվերտը: Սակայն թերթի տեղեկատվության համաձայն` Build-Up-ի աշխատակիցը համոզված է եղել, որ սահմանը գերազանցված է լինելու երեքից չորս անգամ և աշխատողներին առաջարկել է պատրաստել կապարե պաշտպանիչ էկրաններ:
Agence France-Press-ի փոխանցմամբ` Ճապոնիայի առողջապահության նախարարությունը սկսել է հետաքննություն անցկացնել դոզիմետրերի ցուցանիշները թաքցնելու կապակցությամբ:










































