Ք.ծ.ա. 356թ. այս օրը (ասում են` հենց հուլիսի 21-ին) Պելլայում ծնվեց աշխարհահռչակ զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացին:
Մակեդոնացուն կրթել և դաստիարակել է Արիստոտելը, ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի է ընկել համառ կամքով և քաջությամբ։
Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո` Ք.ծ.ա. 334թ. գարնանը, Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց` արշավանքների ժամանակ կիրառելով մարտի նոր եղանակներ։
Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ալ. Մակեդոնացին հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ Ք.ծ.ա. 334–ին նրա զորաբանակը գրավեց Փոքր Ասիայի հունական պոլիսները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից և ինքնավարություն տվեց նրանց։
Ք.ծ.ա. 332թ. Ալ. Մակեդոնացին գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, Ք.ծ.ա. 331թ. ձմռանը նա առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը, նույն թվականին Գավգամելայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։
Իր իշխանությունն ամրապնդելու համար զորավարը հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծավ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ Ք.ծ.ա. 330–ին գրավեց Իրանականբարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ մեկ տարի անց ներխուժեց Միջին Ասիա։ Ք.ծ.ա. 327թ. մտավ Արևմտյան Հնդկաստան և հաջորդ տարի գրավեց Փենջաբը։ Ք.ծ.ա. 324թ. նա իր զորքերին հրամայեց վերադառնալ Բաբելոն, որտեղ էլ նոր արշավանքների նախապատրաստվելիս Ք.ծ.ա. 323թ. հունիսի 13-ին մահացավ մալարիայից։
Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով տնտեսական և քաղաքական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։











































