Թեպետ ԼՂՀ նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանը հաղթանակ չտարավ, սակայն ժողովրդին նոր ծրագրեր առաջարկվեցին, և մարդկանց մեկ երրորդը հավանություն տվեց դրանց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
«Ծրագրերում եղած նոր գաղափարները աջակցություն ստացան, ինչը շատ կարևոր է: 2007-ից ի վեր Արցախում ընդդիմություն չկար, ընդդիմություն չկար նաև ԼՂՀ Ազգային ժողովում: Սակայն հույսը մեծ է, որ նախագահական ընտրությունները կլրացնեն խորհրդարանի ընդդիմադիր, մինչ այժմ դատարկ դաշտը»,- ասաց նա:
Մասիս Մայիլյանի փոխանցմամբ՝ Վիտալի Բալասանյանն ի վիճակի է իր համախոհների հետ ԱԺ-ում ընդդիմադիր բևեռ ձևավորել: «Ժողովրդավարության կայացումը խիստ կարևոր է Արցախի միջազգային ճանաչման, ԼՂՀ միջազգային վարկանիշի համար»,- ասաց Մասիս Մայիլյանը:
Հիշեցնենք՝ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 19-ին: Դրանցում հաղթանակ է տարել Բակո Սահակյանը:
Նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանին ձայն է տվել ընտրողների գրեթե մեկ երրորդը:











































