Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ժնև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության շուրջ երկկողմանի բանակցություններ վարելու համար:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը. «Ադրբեջանի բանակցային խումբը հուլիսի 24-28-ին ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի 4 երկրների հետ՝ ԱՄՆ, Չինաստան, Կանադա և Բրազիլիա»:
Նշվում է, որ դա լինելու է այս տարի տվյալ հարցով երկրորդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին, և Ադրբեջանն ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ երկկողմ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Նորվեգիայի, Կանադայի, Էկվադորի ու Ճապոնիայի հետ:
Ներկա դրությամբ Ադրբեջանը երկկողմ բանակցային գործըթնացի մեջ է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Էկվադորի, Շրի Լանկայի, ԵՄ-ի, Նորվեգիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Թայվանի, Կանադայի ու Շվեյցարիայի հետ:
Ադրբեջանն ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններին ձեռնամուխ է եղել 2004 թվականին:








































