Ֆելինիի տաղավարում հրդեհ է բռնկվել, ինչը, բարեբախտաբար, չի ոչնչացրել իտալական հայտնի «Չինեչիտա» կինոստուդիայի՝ Թատրոն № 5 նկարահանման գլխավոր հրապարակը: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը և տեղեկացնում, որ կինոստուդիան հայտնի է նաև «Հոլիվուդը Տիբր գետի վրա» անվամբ: Կինոստուդիան տեղակայված է Հռոմի հարավարևելյան արվարձանում՝ Տուսկոլանի անտիկ ճանապարհի վրա: Այն բացվել է 1937 թվականին:
Անցած գիշեր տասնյակ հրշեջ բրիգադներ էին հավաքվել լեգենդար համալիրի մոտ, որտեղ այրվում էր 5-րդ կինոտաղավարը: Այստեղ նկարահանվել են Ֆեդերիկո ֆելինիի լավագույն աշխատանքները: Կրակը բռնկվել է էլեկտրավահանակում և ոչնչացրել Եվրոպայի ամենամեծ կինոսրահի (տարածքը 3200 քմ մետր է, բարձրությունը` 14 մետր) դեկորացիաները: Մասնագետների կարծիքով՝ այն մինչև ամառվա վերջ կվերականգնվի:
Դատախազությունը դիտարկում է հրդեհի բռնկման մի քանի վարկած, այդ թվում՝ դիտավորյալ հրդեհումը:
Տաղավարում նկարահանվել է ընդհանուր առմամբ 3000 ֆիլմ: 1950-ականներին ստուդիայի տաղավարներում ռեժիսորներ Ուիլյամ Ուայլերը և Մերվին Լերոյը ամերիկյան մարտաֆիլմեր են նկարահանել: 80-ականներին կինոստուդիան հայտնվել է սնանկացման եզրին, և Իտալիայի կառավարությունն այն հանձնել է մասնավոր անձանց տնօրինմանը:
Դեռևս մի քանի օր առաջ կինեմատոգրաֆիստները դիմել էին նախագահին՝ խնդրելով արձագանքել կինոստուդիան քանդելու վերաբերյալ տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ ստուդիայի տեղում բիզնես-կենտրոն է կառուցվելու:










































