ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունիսին մայիսի նկատմամբ աճել է 10.8%-ով, իսկ 2012 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 7.8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ այս տարի հունիսին մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալներում արձանագրվել է 2% անկում, թեև հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ գրանցվել էր 13% աճ: Շինարարության ոլորտում հակառակ պատկերն է՝ ամսական կտրվածքով հունիսին ոլորտն ակտիվացել է 7.7%-ով, իսկ հունվար-հունիսին, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ, պասիվացել 6.7%-ով:
2012 թ. հունիսին մայիսի համեմատ զգալի է գյուղատնտեսության աճը` 54%, իսկ հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ՝ 8.1%:
Սպառողական գների ինդեքսն ամսական կտրվածքով նվազել է 1.3%-ով, բայց տարեկան կուտակայինն աճել է 2.2%-ով: Ծառայությունների ծավալը հունիսին մայիսի համեմատ ավելացել է 14.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը համապատասխանաբար` 3.6% և 9.1%, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 4.5% և 6.2%:
Հունիսին մայիսի նկատմամբ 5.2%-ով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` նախորդ ամիսների համեմատ զգալիորեն պակասել են արտահանման ծավալները, և ընդամենը 0.5% աճ է գրանցվել, իսկ ներմուծումը նվազել է 7.1%-ով: 2012 թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 8.3%-ով, այդ թվում` արտահանումը՝ 13.5%, իսկ ներմուծումը` 6.7%-ով:











































