РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի հերքում դատական հայց ներկայացնելու Իրանի իրավունքը, սակայն կարծում է, որ երկկողմանի հարաբերությունների հարցը կարելի է լուծել նաև առանց դրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Արբիտրաժային դատարան հայց ներկայացնելը, իհարկե, յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Մենք կարծել և կարծում ենք, թե դա այն մեթոդը չէ, որ կարող է կարգավորել իրավիճակը: Ռուսաստանի ընդունած որոշման բոլոր մոտիվները համապատասխանում են ՄԱԿ ԱԽ-ի բանաձևին, ինչի մասին իրազեկվել է իրանական կողմը: Ես հուսով եմ, որ կհաղթանակի առողջ միտքը, և մենք այդ խնդիրը կհանենք մեր երկկողմանի հարաբերությունների օրակարգից»:
Կես ամիս առաջ Իրանը Рособоронэкспорт-ի դեմ հայց է ներկայացրել Ժնևի միջազգային դատարան, որում պահանջում է 4 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել իրեն С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար:
Իրանին С-300-ներ ուղարկելու պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականի վերջին: Ըստ դրա՝ Ռուսաստանը պետք է մոտ 800 միլիոն դոլար արժողությամբ С-300 զենիթա-հրթիռային համալիրների 5 դիվիզիոն փոխանցեր Իրանին: Սակայն դրանից հետո, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով, այդ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել՝ վկայակոչելով 2010 թվականի հունիսի 9-ին Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցային չորրորդ բանաձևի ընդունումը, որով արգելք էր դրվում Իրանին С-300-ներ, զրահատեխնիկա, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու ռազմանավեր տրամադրելու վրա:










































