Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է Իրանի բանակում ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ նախատեսված կիբեր հարձակումների դեմ պայքարի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին.
«Այդ ստորաբաժանումը զբաղվելու է թշնամական կիբեր հարձակումների դեմ պայքարի համալիր մեթոդների մշակմամբ ու ներդրմամբ: Նոր ստորաբաժանումը փոխգործակցելու է երկրի համանման այլ կենտրոնների հետ: Այսօր ԶԼՄ-ները բավական լայնորեն օգտագործվում են բնակչության վրա ազդեցություն գործելու համար: Նոր ստորաբաժանումը, կիբերանվտանգության ապահովման հետ մեկտեղ, զբաղվելու է նաև ԶԼՄ-ների վերահսկողությամբ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման կարգադրել է ակտիվացնել Իրանի վրա կիբեր հարձակումները, որոնք, որոշակի գանահատականներով, 1.5-2 տարով հետ են շպրտել Իրանի միջուկային ծրագիրը:











































