Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հերքել է Իրանին Իսրայելի հասցեագրած այն մեղադրանքը, թե Իրանը մասնակից է Բուլղարիայում իսրայելցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությանը.
«Իրանն ինքը ահաբեկչության զոհ է: Իսրայելական ռեժիմն ինքն է հանդիսանում աշխարհում կազմակերպված ահաբեկչության նախաձեռնող և մասնակից է իրանցի ատոմագետի սպանությանը: Իսրայելական հասարակությունը մոլորեցնում է համաշխարհային հասարակական կարծիքը»:
Բուրգասի օդանավակայանում չորեքշաբթի գիշերը պայթել էր Թել Ավիվից ժամանած իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: Ճշգրտված տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, ավելի քան 30 վիրավոր գտնվում են հիվանդանոցում: Ընդ որում, նրանց մի մասի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:











































