Եգիպտոսի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային` խնդրելով սառեցնել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակազմի չինովնիկների բանկային հաշիվները:
Reuters գործակալության հաղորդմամբ` ԱՄՆ-ն և Ֆրանսիան ի պատասխան նշել են, թե Եգիպտոսի ներկայիս իշխանությունների կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված չեն ո՛չ նախկին նախագահը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները: Մեծ Բրիտանիան դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հանգամանքը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը միայն երեկ հաստատել է Եգիպտոսի իշխանությունների կողմից ներկայացված դիմումը և հայտարարել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է համագործակցել Եգիպտոսի իշխանությունների հետ:
Եգիպտոսի իշխանությունները նույն խնդրանքով դիմել են նաև ԵՄ-ին: Սպասվում է, որ այսօր ԵՄ անդամ երկրների ֆինանասների նախարարները այդ հարցը կքննարկեն հատուկ խորհրդակցության ընթացքում:
Իսկ երեկ Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, թե ԵՄ-ն կսառեցնի Մուբարաքի հաշիվները, եթե այդ մասին խնդրեն Եգիպտոսի իշխանությունները: Դեռևս հստակեցված չէ, թե ԵՄ ներկայացված ցուցակի մեջ կա՞ Մուբարաքի անունը, թե՞ ոչ։