Երեկ կայացավ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմ»-ը «Քրեյվն Քոթեջ» մարզադաշտում ընդունեց գործող չեմպիոն` Լոնդոնի «Չելսի»-ին:
Հանդիպման առաջին րոպեներից տանտերերը նախաձեռնությունը զիջեցին անվանի մրցակցին, բայց շուտով Մարկ Հյուզի սաները հասկացան, որ «Չելսի»-ն այնքան էլ վտանգավոր չի գործում և հետզհետե հավասարեցրին խաղը:
Առաջին լուրջ վտանգավոր պահը ստղծվեց 28-րդ րոպեին. Ֆրանկ Լեմպարդի հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ:
Երկրորդ խաղակեսը նույնպես աչքի չընկավ գոլային պահերի առատությամբ, իսկ ամենավտանգավոր պահը տեղի ունեցավ Պետեր Չեխի դարպասի մոտ. հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը 90-րդ րոպեին Դավիդ Լուիսի ոչ այնքան ակնհայտ խախտման համար 11-մետրանոց հարված նշանակեց, և միայն Չեխի վարպետությունը թույլ տվեց «ազնվականներ»-ին գոնե մեկ միավոր վաստակել: «Ֆուլհեմ»-«Չելսի»` 0:0: