Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է 34-ամյա պակիստանցի մի տղամարդու, որին կասկածում են մետրոյում ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ: Ֆարուկ Ահմեդը, որը բնակվում է Վիրջինիա նահանգում, հետաքննությամբ ձեռք բերված տվյալներով, տեղեկություններ է հավաքել մի խումբ մարդկանց համար, որոնք ներկայացել են որպես Ալ-Ղաիդայի անդամներ:
Ըստ ՀԴԲ-ի` Ֆարուկ Ահմեդի գործողությունները վտանգ չեն ներկայացրել հասարակության համար, քանի որ հենց սկզբից նա եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2010թ. ապրիլին նա հանդիպել է մի մարդու հետ, որին ցույց է տվել պայթյունների հնարավոր վայրերը: Ահաբեկչական գործողությունները ենթադրվում էր կազմակերպել Վիրջինիայի տրանսպորտային կարեւոր հանգույցներում՝ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Կոլամբիա շրջանում: Եթե նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ահմեդը կարող է դատապարտվել մինչեւ 50 տարի ազատազրկման: