Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի է ունեցել ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ձեռնարկին ներկա են եղել ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորել է վերջիններիս և հաջողություն մաղթել է իրենց հետագա գործունեության մեջ:
Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների և գովասանագրերի: Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: