Դավթյան Գագիկը երևի չգիտեր, որ Կոտայքի մարզում մի քիչ գագոյական (իմացաք…)՝ մարզական բան կա. այստեղ ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք են լավ մարզավիճակում: Սա ընդունենք որպես Կոտայքի մարզին քիչ թե շատ բնորոշող հատկանիշ, որը կարող է նաև կրիմինալ շեշտադրումներ ունենալ, և ասվածը ավելի համոզիչ դարձնելու համար մեր ընթերցողին ներկայացնենք կոնկրետ օրինակներ:
Սկսենք հենց Գագոյի օրինակից: Այս երիտասարդը 38 տարեկան է, նախկինում արատավորված, դատված չի եղել, բայց մի օր երևի ստիպված է եղել… «արատավորվել»՝ գուցե հանուն սիրո: Ուրեմն այս տարվա մայիսի 26-ին, երևի նրա սիրած կամ հարգած կանանցից մեկի համար կարևոր տոն է եղել, և «գործազուրկ» Գագոն (իմացաք, որ այն մեկի մասին չէ խոսքը…) որոշել է իրեն «գործ» գտնել, որ նվերով գնա տուն… մինչև ժամը վեցը: Ուրեմն ինչ է արել Դավթյան Գագոն. կեսօրից հետո՝ ժամը 14-ի սահմաններում, գնացել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող առևտրային հատված. պտտվել է, ուսումնասիրել այնտեղ վաճառվող ապրանքների տեսականին և եկել այն համոզման, որ Գայանե Հովհաննիսյան ԱՁ-ի խանութի կանանց հագուստների տեսականին իսկը իր ճաշակով է: «Գողեգող» մոտեցել է խանութի դիմացի պատին, որտեղ հագուստներն են կախված եղել, մի 12.000-անոց կանացի շրջազգեստ է փորձել հափշտակել. վերցրել է այն, որ փախնի: Մի քիչ վազել է, սակայն խանութի վաճառողուհի Հասմիկի քույրիկ Գեղեցիկը վազքի ավելի լավ ցուցանիշ է դրսևորել. վազել՝ հասել ու կիսաշրջազգեստը խլել է Գագոյի ձեռքից: Հափշտակության փորձը չի հաջողվել: Երկրորդ «տուրի» ժամանակ՝ բռնվելուց մոտ 1 ժամ անց, նա կրկին մոտեցել է նույն «ծանրաձողին» և փորձել այս անգամ կանացի մարզահագուստ հափշտակել, որն արժե 25.000 դրամ: Գագոն նայել-նայել է, ապա վերցրել, որ «պուկ» լինի, բայց այս անգամ էլ նույն խանութի վաճառողուհի Հասմիկն է լավ ցուցանիշ ցույց տվել. Գագոյի (արդեն իմացաք, թե որ…) հետևից հասել, չգիտեմ՝ ինչ է արել ու ետ պահանջել մարզահագուստը: Ու քանի որ Գագոն չտալու տարբերակ չի ունեցել՝ տվել է, բայց դա երևի նրա ինքնասիրությունն այնքան է խոցել, որ «վիզ է դրել» ցանկացած գնով ինչ-որ բան տանել: 2 ժամվա մեջ հափշտակության երկու անհաջող փորձից հետո Գագոն որոշել է նույն օրը, ժամը 17-ի սահմաններում կրկին «գրոհել» նույն խանութը, սակայն այս անգամ իր համար ինչ-որ բան հափշտակել ու երևի անճանաչելի դառնալու նպատակով նույն խանութից տղամարդու, 5500 դրամանոց արևային ակնոց է գողացել: Ու չնայած սկզբից ստացվել է, բայց հետո Գագոն ստիպված է եղել հիասթափվել. երրորդ անգամ նրան արդեն ոստիկաններն են բռնել: Հիմա դատարանն է որոշում՝ Դավթյան Գագոն ինչու է մեկ օրվա մեջ, նույն խանութից երեք անգամ հափշտակության փորձ արել:
Կոտայքցի կանանց մարզական և քրեական ինքնադրսևորման երկրորդ օրինակն էլ Կարինե Պողոսյանի դեպքն է՝ կրկին Աբովյանի նույն Հանրապետության փողոցում գտնվող հասցեներից մեկում. Կարինե Պողոսյանը շենքի ընդհանուր հարկում, առանց որևէ պատճառի, ոտքով հրել է Սիրան Գզողյանի լվացքի ամանը: Վերջինս, դժբախտություն է ունեցել՝ նրան նկատողություն անելու… Կարինեն երիտասարդ իր երկու դուստրերի հետ հարձակվել է Գզողյանի վրա ու սեռական հայհոյանքներով, հարվածների ուղեկցությամբ մոտ կես ժամ խախտել շենքի հասարակական կարգը: Մայրն ու աղջիկները քրեական գործում ներգրավվել են որպես «երրորդ աստիճանի խուլիգաններ» (258 հոդվածի 3-րդ մաս): Այժմ դատարանն է որոշելու՝ Պողոսյանները խուլիգաններ են, թե «սրբեր»: Բայց նման հիմար առիթներ կարող են ծագել նաև կոտայքցի տղամարդկանց մոտ: Այս տարվա ապրիլի 22-ին, ցերեկը, Արամ Խաչատրյանի տղա Խաչիկը գնացել է Չարենցավանի նախկին կինոթատրոնի շրջակայք՝ Արցախյան ազատամարտի զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ գտնվող պուրակ, որտեղ ազատամարտի զոհվածներին չնվիրված նարդու «առաջնություն է եղել», խաղացողներից մեկն էլ՝ նույն քաղաքի բնակիչ Վալոդը: Գործից չի երևում՝ Վալոդը «երկար ա» խաղացել, թե «կարճ», «շեշ ու դու»-ի փոխարեն «դու շեշա» խաղացել, թե հակառակորդին խաբել, համենայնդեպս Խաչիկին ինչ-որ բան դուր չի եկել. հետո նրանց միջև ծագած վեճը դարձել է քրեական ու դատական գործ:
Կոտայքի մարզում նաև առևանգումների, թմրամիջոցների հետ կապված «հանցագործություններ» են լինում. օրինակ Ալբերտ Չիլինգարյանին առաջադրված մեղադրանքում նախաքննական մարմինը պարզել է. Ա. Չիլինգարյանը նախապես համաձայնության գալով իր ընկեր Ռաֆայել Աղամյանի հետ՝ վերջինիս պատկանող «Սագապո» ՍՊԸ-ի տաքսի ծառայության նախկին տնօրեն՝ Հովհաննես Տեր-Հարությունյանի կողմից ընկերությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2011թ. մարտի 16-ին ժամը 18-ի սահմաններում հրավիրել են վերջինիս Երևանի Կոմիտասի 1 հասցեում գտնվող այգու ցայտաղբյուրների մոտ: Իսկ նպատակը եղել է շահադիտական՝ Հ. Տեր-Հարությունյանին մեկուսացնելը և նրանից նյութական հատուցում ստանալը, նրա՝ հնարավոր դիմադրությունից խուսափելն ու ապակողմնորոշելը: Ասել են՝ Հովիկ, արի մեր տուն սննդամթերք տանենք, համ էլ ճանապարհին մեր մեջ եղած պրոբլեմների մասին կզրուցենք: Այդ պատրվակով, չարաշահել են նրա վստահությունը, նստեցրել մեքենան, նրան առևանգել ու տարել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին թաղամասում գտնվող իրենց տան նկուղային հարկ, որտեղ էլ Ռ. Աղամյանի՝ ինքնաշեն, սառը զենք հանդիսացող դանակով, Հ. Տեր-Հարությունյանի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ և նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, պահանջել են վերադարձնել «Սագապո» ՍՊԸ տաքսի ծառայության կրած վնասները և պահել են այնտեղ մինչև 2011թ. մարտի 18-ը…
Հ.Գ. Սա էլ՝ քրեական Կոտայքը. այնտեղ որևէ հանցագործության դիմելուց առաջ մտածեք՝ այստեղ կին, թե տղամարդ՝ քրեականացվելու չափ մարզված են բոլորը, այնպես որ դոդ-դոդ բաներ մի արեք:









































