Մայիսի 18-ին առաջին անգամ բորսային շուկա դուրս գալուց հետո մինչ օրս Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքն ընկել է 8 տոկոսով՝ հասնելով նվազագույնի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Աշխարհում խոշորագույն սոցցանցի բաժնետոմսերի գինը նման անկում է գրանցել մեկ օրվա ընթացքում:
Բաժնետոմսերի գնանկումը պայմանավորված է ընկերության եռամսյակային եկամտի և վաճառքի անկման վերաբերյալ ներդրողների մտահոգություններով: 2012-ի երկրորդ եռամսյակի տվյալներն ընկերությունը կներկացնի հաջորդ շաբաթ:Ներկայում ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը 28,25 դոլար է:
Բորսային շուկայում արժեթղթերի բաշխման առաջին օրը Facebook-ի մեկ բաժնետոմսն արժեր 38 դոլար: Երկրորդ օրն արդեն բաժնետոմսերի գինն ընկել էր 10 տոկոսով: Ընդամենը մեկ ամսում Facebook-ի շահութաբերությունը կրճատվել է 25 տոկոսով:
Այն բանից հետո, երբ սոցցանցի բաժնետոմսերի արժեքը նվազեց 29 դոլարից, ընկերության հիմնադիր և համասեփականատեր Մարկ Ցուկերբերգը դուրս մղվեց աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից:











































