Գերմանիայի կառավարությունը կասկածներ ունի էներգետիկ բարեփոխումների` ի սկզբանե հայտարարած ժամկետների վերաբերյալ: Այսպիսի կարծիք են հայտնել երկրի էկոնոմիկայի ու էկոլոգիայի նախարարներ Ֆիլիպ Ռյոսլերն ու Պետեր Ալթմայերը:
Bild թերթին տված հարցազրույցում Ռյոսլերը հայտարարել է, որ առաջնայինը սպառողների ու ձեռնարկությունների համար ընդունելի գինն է: Եթե գինն սկսի բարձրանալ, ապա հարկ կլինի փոխել էներգետի բարեփոխումների ժամկետները:
Բացի այդ` ներկայիս ծրագիրը ու նպատակները պետք է շտկվեն, եթե դրանք վտանգեն աշխատատեղերը ու բացասական հետևանքներ ունենան գերմանական էներգետիկ ոլորտի մրցունակության համար:
Ավելի վաղ Գերմանիայի էկոլոգիայի նախարարը կառավարության համար առաջնային էր համարել սպառողների շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով` էներգետիկ բարեփոխումը սպառնում է դառնալ սոցիալական խնդիր:
Գերմանիայի իշխանությունները 2011թ. ամռանը «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարից հետո ընդունել էին միջոցառումների փաթեթ` անցում կատարելու էներգիայի այլ աղբյուրների:
Բեռլինը որոշել է ամբողջությամբ հրաժարվել ԱԷԿ-ներից` մինչ 2022թ. կասեցնելով ռեակտորների աշխատանքը երկրում: Իսկ 2050թ. արդեն Գերմանիան մտադիր է ստանալ էներգիայի 80 տոկոսը էկոլոգիապես մաքուր աղբյուրներից:










































