Am դոմեյնում գրանցված է 20 հազար անուն հասցե, և այստեղ կատարվող անօրինականությունների համար պատասխանատու է Հայաստանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, am-ում գրանցվելուց առաջ նախ պետք է ծանոթանալ գործող կանոններին, իսկ դրանք խախտելու դեպքում կազմակերպությունը իրավասու է փակել կայքը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` եղե՞լ են նման դեպքեր, որ պոռնոգրաֆիկ բնույթի կայք փակվի, օրինակ` armgirls-ը, Սաղյանը պատասխանեց, որ այն տեղեկատվական կայք է, այնտեղ պոռնոգրաֆիա չկա, պոռնոգրաֆիական է եղել Անժելա Սարգսյանի կայքը, որը փակվել է դատական միջամտությամբ:
Նա տեղեկացրեց, որ հեռահաղորդակցության միջազգային միությունը իր անդամ երկրներին ներկայացրել է ինտերնետը վերահսկելու առաջարկներ:
«Հայաստանում ինտերնետը չի ֆիլտրվում, բայց հանցագործությունները չեն ավելանում»,-ասաց Սաղյանը` նշելով, որ այսօր երեխաների կրթական մակարդակը շատ ավելի բարձր է ինտերնետից օգտվելու առումով, քան ծնողներինը: Որպես օրինակ նա վկայաբերեց իր հանդիպումը դպրոցականների հետ, որի ժամանակ աշակերտները պատմել էին, որ սոցիալական ցանցերում անծանոթների հետ շփվելիս իրենք օգտագործում են իրենց երկրորդ` կեղծ պրոֆայլը:
Սաղյանը հիշեցրեց, որ Հայաստանում ինտերնետից սահմանափակումներ եղել է մեկ անգամ` 2008 թվականի մարտի 3-20-ը, որը պայմանավորված էր երկրում արտակարգ վիճակով: Հայաստանը միացել է կիբերհանցագործությունների դեմ պայքարին, որին օրինակ` Ռուսաստանը չի միացել` համարելով, որ դա միջամտություն է իր ներքին գործերին: Ռուսաստանում այժմ ստեղծվում է հատուկ կառույց, որը վերահսկելու և ֆիլտրելու է ինտերնետը:
Սաղյանը հույս հայտնեց, որ Հայաստանը չի հետևի Ռուսաստանի օրինակին, քանի որ պաշտոնապես ուղղություն է վերցրել դեպի Եվրոպա: Նա հայտնեց, որ առաջիկայում Բաքվում կայանալու է ինտերնետ-կառավարման ֆորում, որի ժամանակ քննարկվելու են ազատությունը չսահմանափակող հարցեր: Այդ ազատությունը, սակայն, չի հանգեցնի հանցագործությունների աճի:








































