«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ /Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի հովանավորներ-2010թ./ ԼՂՀ Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքով` քաղաքն օգտվում է 1976 թվականին կառուցված ներքին ցանցից.«Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, հաճախ վթարներ են լինում, ու մարդիկ օրերով զրկվում են ջրից», – ասում է նա:
Ծրագրով նախատեսված 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ և կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի, կկառուցվեն նաև պոմպակայան և 2 ջրամբար : Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները` ավելի քան 3200 բնակիչ, կունենան կանոնավոր ջրամատակարարում:
«2008թ.-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասավ քաղաք, իսկ անցյալ տարի բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանները ստանձնեցին ներքին ցանցի կառուցման հովանավորությունը»,- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կհեշտացնի իրենց կյանքը: Լեռնային գոտում գտնվող այս շրջանում բարենորոգ ենթակառուցվածքների դերը առավել կարևոր է»:
Բնակիչների կենցաղը հեշտացնելու ուղղությամբ Հիմնադրամը Հադրութում ծրագրեր է իրականացնում սկսած 2008 թվականից: Հիմնադրամի կառուցած Տող-Հադրութ 20 կմ երկարությամբ գազատարը գազով է ապահովում քաղաքի և հարակից յոթ գյուղերի շուրջ 5200 բնակիչներին, իսկ վերակառուցած եռահարկ շրջանային հիվանդանոցը ծառայում է շրջանի 12.000 բնակիչների բուժսպասարկման կարիքներին:









































