Աբովյան փողոցում սալիկապատման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, ակտիվիստ, բնապահպան Եղիա Ներսիսյանը` անդրադառնալով այս օրերին բնապահպանների կողմից քննարկվող առաջին խնդիրներից մեկի` Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների տեղում իրականացված հողաշինարարական աշխատանքներին: Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդել էր, որ այդ տարածքում սրճարան չի նախատեսվում կառուցել:
Բնապահպանի կարծիքով` շատ անհեթեթ և ծիծաղելի է, որ այդ շինարարությունն անվանում են սալիկապատման աշխատանք:
«Մի հատ նայեք, թե ինչ ֆունդամենտ, հիմք են փորել: Պետք է պարզապես հասկանալ, թե այստեղ ինչ են ցանկանում կառուցել, իմ ընկերներին ասել են, որ սրճարան պետք է կառուցվի, բայց սա հաստատ սալիկապատման աշխատանք չէ: Այսքան խորը պետք չէ փորել սալիկապատման աշխատանքներ իրականացնելու համար»,- նկատեց Եղիա Ներսիսյանը:
ՀԻշեցնենք, որ Աբովյան 19 շենքի մայթին արդեն մի քանի օր հողաշինարարական աշխատանքներ էին իրականացվում, որոնք այսօր դադարեցվեցին համապատասխան թույլտվության բացակայության պատճառով: Ոստիկանության պնդմամբ` արձանագրություն է կազմվելու և ուղարկվելու է քաղաքապետարան:











































