Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել երիտասարդ զինվորական բժիշտ Վահե Ավետյանի մահվանն հանգեցրած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնությամբ, սակայն անհրաժեշտ 44 ստորագրություններից հաջողվեց հավաքել ընդամենը 21-ը, քանի որ իշխող կոալիցիայի մաս չկազմող ուժերից ամենամեծի՝ ԲՀԿ-ի 37 պատգամավորներից նախաձեռնությանը միացան ընդամենը 7-ը։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարել է, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կարող ունենալ, քանի որ նման նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում եւ այդ մասին ի սկզբանե հայտարարել են ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների քննարկման ժամանակ։
Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ամառային արձակուրդների շրջանում իրատեսական չի համարում, որ բավարար թվով ստորագրություններ կհավաքվեն, քանի որ խմբակցության պատգամավորների զգալի մասը հանրապետությունում չեն։
«Նույնիսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր պատգամավորները լինեին Հայաստանում, մենք արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չենք տեսել», – նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը, հավելելով, որ իրենց այն պատգամավորները, որոնք նպատակահարմար են գտել միանալ նախաձեռնությանը, դա արել են սեփական ցանկությամբ։
«Երբ Ազգային ժողովի նախագահը մերժեց 4 քաղաքական ուժերի ստորագրությամբ նախաձեռնությունը՝ հրավիրել «Հարսնաքար»-ի գործով քննչական խմբի ներկայացուցիչներին, հաջորդ քայլը պիտի լիներ այն, որ այն հարցերը, որոնք պիտի բարձրաձայնեինք, եթե Ազգային ժողովում նման հանդիպում կայանար, այդ հարցերը ուղղենք գրավոր», – հիմնավորեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով․ -«Մնացած հարցերը՝ արտահերթ նիստ, ժամանակավոր հանձնաժողով և այլն, կարելի կլիներ քննարկել կամ չքննարկել արդեն ավելի ուշ։ Սա մեր դիրքորոշումն է»։
Այն հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ աշնանը նույն հարցով ստորագրահավաքի, խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ եթե նման նախաձեռնություն լինի՝ կքննարկեն միանալ-չմիանալու հարցը։
Անցած շաբաթավերջին այս ստորագրահավաքը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը ձախողում չի համարում Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ չհավաքելը։
Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ այս քաղաքական ակցիայի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել՝ «իշխանությունների կողմից «Հարսնաքար»-ի գործի պարտակման ձգտումը»:
«Մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության պատգամավորների մերժումը նշանակում է, որ նրանք շահագրգռված չեն գործի թափանցիկ, օրինական քննության մեջ», – հայտարարել է Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ Լեւոն Զուրաբյանը շարունակում է չմեկնաբանել նրանց կեցվածքը այս հարցում, հայտարարելով, որ Կոնգրեսը պատասխանատու է իր քայլերի համար։
«Իրենք թող պատասխանեն կամ մեկնաբանեն։ Մենք պատասխանատու ենք մեզ համար։ Մեր ֆրակցիայի բոլոր 7 անդամները ստորագրեցին այդ նախաձեռնությունը», – նշել է Լևոն Զուրաբյանը։










































