Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուինտիրո Նիվան, որը մի քանի օր առաջ հետ էր կանչվել Տոկիո խորհրդակցության համար, հուլիսի 16-ին վերադարձել է Պեկին,- հաղորդում է Reuters-ը:
Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ դեսպանին հետ կանչելու համար առիթ է հանդիսացել Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու կղզիների շուրջ վեճը: Պաշտոնապես Ճապոնիայի ԱԳՆ-ն այդ տարբերակը չի հաստատել՝ դեսպանին հետ կանչելու հարցով հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալուց:
Սենկակու կղզիները (ճապոներեն անվանումը) կամ Դյաոյույտայը (չինարեն անվանումը) գտնվում է Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք: Հուլիսի 11-12-ը չինական ռազմանավերը մտել էին կղզու ջրային տարածք, ինչի կապակցությամբ Ճապոնիան բողոք էր ներկայացրել Չինաստանին: Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր, որ այդ կղզիները բուն չինական տարածքներ են: Դրանից հետո Ճապոնիան հետ էր կանչել իր դեսպանին:
Սենկակու կղզիներն անմարդաբնակ են, սակայն այնտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ գազի պաշարներ, ինչով էլ բացատրվում է երկու երկրների հետաքրքրությունը դրանց նկատմամբ:








































