Վարդավառի տոնը հնում ուղեկցվել է ուխտագնացություններով, փահլևանների ելույթներով, ձիարշավներով, աշուղների մրցույթներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանն ասաց, որ մարդիկ իրենց ուխտը կազմակերպում էին դեպի մոտակա սրբավայրեր, որոնք աղջկատեսի և երիտասարդության ծանոթության գլխավոր վայրերն էին: Դրանով շրջանցվում էին առօրյա կենցաղում եղած արգելող կանոնները. «Ուխտատեղիներում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան արարողությունները: Ականատեսները պատմում էին, որ եթե չլինեին մատաղացուի աղն օրհնելու և խաչակնքելու ծեսերը, տոնը կվերածվեր հեթանոսական իրադարձության»:
Վարդավառի առնչությամբ նորապսակների ազգակիցներն էին միմյանց նվերներ անում` հիմնականում չրեղեն, զարդեր, հագուստ: Ազգագրագետի հավաստմամբ` հատկապես տարածված էր խնձոր նվիրելու սովորույթը. «Ինչպես որ խաղողը չէր կարելի ճաշակել մինչև Աստվածածնի կամ Խաղողօրհնեքի տոնը, այնպես էլ խնձոր ուտելն արգելված էր մինչև Վարդավառը»:
Վարդավառը համընկնում է խոտհնձի և բերքահավաքի շրջանին: Առատություն ապահովելու նպատակով ծառերի ոստերով, ծաղկեփնջերով զարդարում էին ընտանի կենդանիների, այդ թվում` կթու կովերի ճակատները: Կային բնակավայրեր, որտեղ գրեթե կրկնվում էին Համբարձման ծեսերը: Սամվել Մկրտչյանն ասաց, որ Արցախում, Տավուշում, Համշենում այս օրը ևս համարվում էր վիճակ գցելու օր:









































