Այս ամսվա սկզբից սկսած առատ տեղումների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել Չինաստանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Երկրի մի շարք շրջաններում արդեն մի քանի շաբաթ չեն դադարում ուժեղ տեղումները, ինչը մեծ սողանքներ է առաջացրել ու հեղեղման պատճառ դարձել:
Վերջին տվյալների համաձայն` միայն վերջին 4 օրվա ընթացքում տարերքը խլել է 11 մարդու կյանք երկրի հարավային Գուանչժոու նահանգում: Շրջանում վնասվել են գրեթե 1 միլիոն շինություններ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` վատ եղանակը կպահպանվի նվազագույնը ևս մի քանի օր, ինչը կարող է զգալի վատացնել վիճակը:
Հուբեյ նահանգում ամսվա սկզբից սկսած, զոհվել է 10 մարդ, այս կամ այն աստիճանով տուժել են ևս 2 մլն քաղաքացի: Տարերքը վնասել է ավելի քան 200 հազար հա գյուղատնտեսական տարածք, քանդել գրեթե 4 հազար տուն:
Եղանակային վատ պայմանների հասցրած վնասը արդեն գերազանցել է 156 մլն դոլարը:
Նման իրավիճակ է ստեղծվել նաև Անխոյ ու Հունան նահանգներում` Չինաստանի կենտրոնական հատվածներում:











































