Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը (ԶՈւԲԽ) դեմ չէ, որպեսզի երկրում համընդհանուր հանրաքվեով որոշվի օրենսդիր իշխանությունը նոր նախագահ Մուհամմադ Մուրսիին փոխանցելու հարցը: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բարձրագույն խորհրդի աղբյուրը:
Հունիսի վերջին Եգիպտոսի Սահմանադրական դատարանը անօրինական ճանաչեց Ժողովրդական ժողովի ընտրությունները, իսկ ԶՈւԲԽ-ը որոշում ընդունեց ցրել երկրի օրենսդիր մարմինը: Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից մի քանի օր առաջ ԶՈւԲԽ-ը հաստատեց նոր լրացուցիչ Սահմանադրական հռչակագիր, որի համաձայն օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ անցում էր զինվորականներին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ԶՈւԲԽ-ը համաձայն է հանրաքվե անցկացնել լիազորությունները փոխանցելու վերաբերյալ՝ երկու պայմանով. նախ՝ «եթե եգիպտացի ժողովուրդը ցանկություն հայտնի քվեարկություն անցկացնել այդ հարցով», և երկրորդ՝ եթե համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ժողովուրդը քվեարկի օրենսդիր իշխանությունը զինվորականների ձեռքում թողնելու օգտին, «ապա նախագահը պետք է պարտավորվի հրաժարվել միակողմանի կարգով հրամաններ ստորագրելուց, որոնք եգիպտացիների շրջանում մոլորության տեղիք են տալիս»:










































