Consequence of Sound –ը վերջերս Սերժ Թանկյանի հետ հարցազրույց է անցկացրել, որի ընթացքում խոսվել է ոչ միայն նոր Harakiri ալբոմի նշանակության, այլ նաև այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնում են այն արվեստագետները, ովքեր ստեղծագործելուն զուգահեռ փորձում են գործընթացը վերահսկել նաև բիզնեսի տեսանկյունից:
Երգիչը հարցազրույցի ընթացքում ասել է, որ նոր ալբոմի գաղափարը ծնվել է հանկարծակի, 2011 թվականին`այն ժամանակ, երբ ողջ աշխարհում մահանում էին թռչուններն ու ձկները:
«Այդ աղետաբեր իրադարձությունը ստիպեց ինձ գրել հիմնական երգը, և այնուհետև մնացած երգերը ստեղծվում էին շատ արագ: Երկուսից երեք ամսվա ընթացքում ես ունեի ձայնագրությունների մեծ մասը: Մեկ տարվա ընթացքում ես ամբողջովին ծանրաբեռնված էի Prometheus Bound մյուզիքլով, Glaring Through Oblivion գրքի թողարկումով, երգչախմբի հետ շրջագայելով և երեք այլ երգ ստեղծելով: Բայց այնուամենայնիվ, ամեն բան ստացվեց ժամանակին: Մուսան եկել էր ինձ մոտ շատ հզոր ու մաքուր կերպով…»:
Երգիչն այնուհետև խոսել է այն մասին, որ սիրում է տարբեր աշխատանքներ կատարել: Որպես երգահան՝ չի նախընտրում միայն մեկ ժանրում լինել: Հենց այդ պատճառով էլ նա մեկ տարվա ընթացքում աշխաատել է մի քանի ձայնագրությունների վրա:
«Ինձ համար դժվար է ընկալել, թե ինչու է մարդկանց համար այդքան դժվար այն արվեստագետներին հասկանալը, ովքեր միանգամից մի քանի գործ են անում»:









































