Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության մասին, որի համար ստորագրահավաք են սկսում: Նախաձեռնությունը վերաբերում է «Հարսնաքարի» դեպքի հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:
Արտահերթ նստաշրջանն, իհարկե, շատ ողջունելի նախաձեռնություն է, հատկապես այն պատճառով, որ այն փաստորեն տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ճնշման տակ: Արտահերթի նախաձեռնություն ցուցաբերելու պահանջ էին ներկայացրել «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան ծնունդ ունեցող շարժման ակտիվիստները: Այսինքն` քաղաքական ուժերը գնում են քաղաքացիական պահանջին ընդառաջ:
Սակայն նախաձեռնության ողջունելի լինելուց զատ` բնականաբար, կա նաև արդյունավետ լինելու խնդիր: Եվ այստեղ հարցը հետևյալն է՝ արդյոք անհրաժեշտ չէ՞, որպեսզի «Հարսնաքարի» դեպքը լինելով առիթ՝ ցավալիորեն, ողբերգական առիթ, այնուհանդերձ` դիտարկման իմաստով ընդլայնվի և օգտվելով այդ առիթից` հասարակական-քաղաքական դաշտը ծավալի ավելի լայն, համակարգային, ամբողջական քննարկում: Այսինքն` խոսքն այն մասին է, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվի ընդհանրապես համակարգի բոլոր նման հանցագործությունները վեր հանելու և առնվազն հանրային բարոյականության նոր դատի առաջ կանգնեցնելու համար` դեպք առ դեպք, անուն առ անուն: Խոսքը թե մահվան ելքով դեպքերի, թե նաև պարզապես տարատեսակ բռնությունների մասին է:
Միգուցե սա մաքսիմալիզմ է, բայց տվյալ պարագայում իրավիճակը հասել է մի այնպիսի կետի, որ հասարակությունը և քաղաքական ուժերը, որոնք պայքարում են համակարգի դեմ, ոչ թե առանձին անհատների, դնեն հենց նման մաքսիմալիստական հարցեր: Այսինքն` ԱԺ-ն թող վեր հանի բռնության բոլոր դեպքերը, դրանց հովանավորներին, այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են դրանք մոռացության մատնելու, այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել դրանք բացահայտելու համար, բայց պարտավոր էին անել: Այդպես «Հարսնաքարի» ողբերգական առիթը կարող է դառնալ իսկապես լուրջ փոփոխությունների սկիզբ:
Խնդիրը, իհարկե, համատարած դատավարություններ և քննություններ սկսելն ու նախաձեռնելը չէ: Առավել կարևոր է պարզապես բարձրացնել բարոյական և քաղաքական պատասխանատվության խնդիրները, որոնք ըստ էության կարող են շատ ավելի հիմնարար նշանակություն ունենալ այս ժամանակահատվածում, քան իրավական պատասխանատվությունն է: «Հարսնաքարի» կոնկրետ դեպքի համար պայքարն անշուշտ պետք է շարունակվի, մինչև լիարժեք պատասխան ստանան իրավական, բարոյական և քաղաքական պատասխանատվության ասպեկտները, և հասարակությունը բավարարված լինի այդ պատասխաններից: Բայց, դրան զուգահեռ, հանրությունը պետք է բարձրացնի ամբողջական, համակարգային բռնության խնդիրը, կոնկրետացնի այդ խնդիրը անցյալի օրինակներով և որևէ մեկին թույլ չտա սպրդել հանրային պատասխանատվության տիրույթից և դա ծառայեցնել անձնական շահերին: Սա շատ կարևոր հանգամանք է, որի վրա հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ու պետք է իր մեջ ուժ և ռեսուրս գտնի ըստ էության այդ երկու գործընթացները համատեղ առաջ մղելու և մեկը մյուսին ծառայեցնելու շնորհիվ հասարակության ու պետության ապագայի համար առավելագույն արդյունք ստանալու համար:








































