ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն պատժամիջոցներ է կիրառել 37 ընկերությունների դեմ, որոնք գրանցված են Մալթայում, Կիպրոսում, Գերմանիայում: Այս միջոցներին ԱՄՆ կառավարությունը դիմել է այն պատճառով, որ այդ ընկերությունները չեն ենթարկվել պատժամիջոցների ընդունված որոշումներին եւ շարունակել են համագործակցել իրանական ընկերությունների եւ կառավարության հետ: Այս ընկերությունները կապ են ունեցել Իրանական նավագնացային ընկերության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվությամբ, այդ ընկերությունները Իրան են տեղափոխում զենք եւ զինամթերք, իսկ Եվրոպայում գրանցված լինելու հանգամանքն էլ իրանցիներին թույլ է տալիս թաքնվել հետապնդումից: Նախարարությունում նշում են, որ շարունակելու են բացահայտել այդ անօրինական առեւտուր իրականացնելու համար ստեղծված սխեմաները եւ կանխել այդ ուղղությամբ վարվող աշխատանքը: