«Պարզ մի խնդիր կա` եթե ԲՀԿ-ն անտեսելով այն, որ ունի շատ լուրջ և չափազանց կարևոր առավելություն, քանզի խորհրդարանական ընտրությունները նախորդում են նախագահականին, և ուրբաթը գալու է շաբաթից շուտ, և սատարի Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում, չի կարողանալու ապահովել իր ցանկալի թեկնածուի համար ցանկալի արդյունք»,- ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն խնդիրներին անդրադառնալով` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ իշխող ուժը` ՀՀԿ-ն, տնօրինելով վարչական ռեսուրսն ամբողջությամբ, ի զորու է կանխորոշել ընտրությունների արդյունքը, ինչպես դա ցույց է տալիս մեր ընտրական տխուր փորձը:
Ըստ Հովհաննիսյանի` եթե այսօր ճիգեր են գործադրվում, որպեսզի «խոսք առնեն» ԲՀԿ-ից, դա ցույց է տալիս, որ կա ծրագիր խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ արդյունքները նվազեցնելու:
«Այս ամենի նպատակը սեփական դիրքորոշումը նախագահի ընտրություններում հստակեցնելն է: Եթե ԲՀԿ-ն տրվի այս շանտաժին, ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարելի է համարել կանխորոշված, քանզի կվերարտադրվի այն ուժը, որն այսօր գոյություն ունի»,- եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը: