Ամերիկյան Գուանտանամո բանտի նախկին կալանավորը` սուդանցի Իբրահիմ Ալ-Կոսին, որը եղել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի խոհարարն ու վարորդը, բանտի վարչակազմին մեղադրել է դաժան կտտանքներ իրականացնելու մեջ:
Չորեքշաբթի նա վերադարձել է հայրենիք: Նրան վաղաժամ ազատ են արձակել բանտից` հետաքննությանն աջակցելու և իր մեղքը խոստովանելու համար:
Ալ-Կոսին ձերբակալվել էր 2001-ին` Աֆղանստանում: Գուանտանամոյի ռազմական տրիբունալը 2010-ին նրան դատապարտել էր 14 տարվա ազատազրկման` ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով: Սակայն նա բանտում 2 տարի է անցկացրել: Եվս 8 տարի սուդանցին փակի տակ է եղել` սպասելով դատավարությանը:
«Կտտանքներն իրականացվում էին տարբեր կերպ, հատկապես բանտում գտնվելու առաջին տարիներին»,- ասել է Ալ-Կոսին Խարտում ժամանելուց հետո տված մամլո ասուլիսում:
Նա պատմել է, որ ամերիկացիների հետ գործարք է կնքել` իր ազատության դիմաց մեղքը խոստովանելու վերաբերյալ, քանի որ դա վերաբերում էր միայն իրեն:
Բեն Լադենի խոհարարը Գուանտանամոյի ոչ ամերիկյան ծագմամբ 4-րդ բանտարկյալն է, որը դատապարտվել է ռազմական տրիբունալի կողմից: Այն ստեղծվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Եվս երկուսը բանտում անցկացրել են ոչ տևական ժամկետներ և այնուհետև արտաքսվել իրենց հայրենիք` Ավստրալիա և Եմեն: Չորրորդ դատապարտյալը` ահաբեկչական խմբավորման օպերատոր Ալի Համզա Ալ-Բահլուլը, ցմահ ազատազրկման է դատապարտված:










































