ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության համագումարի ժամանակ այդպես էլ չհայտարարեց նախագահի առաջիկա ընտրություններում ԲՀԿ դիրքորոշման մասին:
Սպասվում էր, որ այսօր ԲՀԿ-ն պետք է պատասխանի՝ սատարո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանին և մնում կոալիցիայի կազմում, թե՞ լքելու է այն: Գագիկ Ծառուկյանը միայն ասաց, թե ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիայի տառին և ոգուն: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընտրական գործընթացները մեր երկրում ընթանում են «շատ ցավոտ», սակայն, անկախ ամեն ինչից` ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրն ու պառակտեն հասարակությանը:
Գագիկ Ծառուկյանի խոսքերով, երկրում առաջիկայում սպասվում են երկու կարևոր իրադարձություններ՝ խորհրդարանի և նախագահի ընտրություններ, և երկրի քաղաքական ղեկավարությունն ունի անհրաժեշտ կամք՝ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Ըստ Ծառուկյանի՝ իրենք կողմնակից են քաղաքակիրթ պայքարի: Նա նաև նշեց, որ իշխանությունները վճռական են տնտեսական ճգնաժամն ու գնաճը հաղթահարելու հարցում:
Ի դեպ, ԲՀԿ նախագահի խոսքերով, իրենց կուսակցության վարկանիշը գնալով ավելի է աճում, «նորանոր մարդիկ ու կոլեկտիվներ են ցանկանում համագործակցել մեզ հետ»: Մյուս կողմից նա, հիշեցնելով երկու փոքր կուսակցությունների ինքնալուծարման ու ԲՀԿ-ին միավորվելու փաստը, նշեց, թե ՀՀ համար կարևոր է կուսակցությունների խոշորացումը: