Հուլիսի 11-ին՝ 22 տարի ընդմիջումից հետո, Մյամար է վերադարձել ԱՄՆ դեսպանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Յանգոնում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին:
Մյանմարում ԱՄՆ դեսպան է դարձել 47-ամյա Դերեք Միտչելը, որը 2011 թ. ապրիլին զբաղեցնում էր Մյանմարում Բարաք Օբամայի հատուկ բանագնացի պաշտոնը: Միտչելի թեկնածությունը հունիսի կեսերին հաստատվել է Սենատի կողմից:
Մյանմարի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Վաշինգտոնը հայտարարել էր 2012 թ. հունվարին: Այս քայլը պայմանավորված է Մյանմարում մի շարք քաղաքական բարեփոխումների իրականացմամբ, որոնց արդյունքում երկիրը 1962 թվից կառավարող ռազմական խունտան 2011 թ. իշխանությունը զիջեց քաղաքացիական իշխանություններին: Բացի այդ, տեղի ընդդիմությանը թույլատրվեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Մյանմարի վրայից հանել էր նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ:









































