«Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումն արդեն սկսվել է:
«Այբ» կրթական հիմնադրամը հանրապետության 1203 դպրոցներին արդեն ուղարկել է մրցույթի հրավեր-փաթեթները, որոնցում ներառված են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը, այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցների ցանկում գրանցվելու վերջնաժամկետն է փետրվարի 18-ը:
«Կենգուրու 2011» մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 17-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-11-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:
Այս տարվանից մասնակցելու են նաև Արցախի դպրոցականները:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: