Անցյալ տարի Կապիտոլիումի և Պենտագոնի շենքերը պայթեցնելու կասկածանքով ձերբակալված՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ռեզվան Ֆերդաուսը երեքշաբթի Բոստոնի դատարանում խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատախազությանը:
ԱՄՆ քաղաքացի Ֆերդաուսը «համաձայնվել է իրեն մեղավոր ճանաչել դաշնային շենքը պայթուցիկ սարքի օգնությամբ ոչնչացնելու և ահաբեկիչներին աջակցելու փորձի մեջ»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Ֆերդաուսն, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի 12 տարվա ազատազրկման և 10 տարի պայմանականի: Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 20-ին:
Անցած հոկտեմբերին կասկածյալը հրաժարվում էր ընդունել իր մեղքը:
26-ամյա Ֆերդաուսը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին Ֆրամինգեմ քաղաքում հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության ժամանակ:
Հետաքննության տվյալներով՝ Ֆերդաուսը Հյուսիսարևելյան համալսարանի շրջանավարտ է և 2010 թ. սկզբից պատրաստվում էր «ջիհադ» մղել ԱՄՆ-ի դեմ:










































