Երևանի քաղաքապետարանը՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի հետ համատեղ, անցկացնում է «Գեղեցիկ Երևան» նախագիծը, որի շրջանակներում թարմացնում և նոր շունչ են հաղորդում քաղաքի տարբեր հատվածներին: Այս անգամ հայտարարված բաց մրցույթի հաղթողը պետք է նոր ձևավորում տար Երևանի տիկնիկային թատրոնի ճակատամասին:
Մրցույթում հաղթել է նկարչուհի Լուսինե Մոսյանը: Նա առաջարկել է թատրոնի ճակատամասը նկարելու համար օգտագործել հենց երեխաների ձեռքերով պատրաստած նկարները. «Առաջին ու վերջին միտքը, որ եկավ, հենց երեխաների աչքերով նայելն էր իրենց թատրոնին, այսինքն՝ խճանկարի հիմքում օգտագործել հենց իրենց ձեռքերով պատրաստած նկարները, որ ամեն երեխա անցնելով Սայաթ-Նովա փողոցով, հասկանա, որ սա իր աշխարհն է՝ իրեն պատկանող ինչ-որ մաս»:
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնի արտաքին և ներքին տեսքն իրար չէին համապատասխանում, ներսը բավականին կոլորիտային է, կա տիկնիկների թանգարան, իսկ դրսից այդպիսին չէր.
«Առաջամասը ամենակարևոր դերն է կատարում, մանկական խճանկարը, որը նկարվեց վերջին 10 օրվա ընթացքում, ավելի ամբողջական է դարձնում թատրոնի տեսքը:
Կարևորն այն է, որ մեր համաքաղաքացիներն այստեղով անցնելիս սկսում են ժպտալ: Այստեղ կա նաև թատերական էլեմենտ, թատրոնը թումանյանական է, խճանկարի մեջ կարող ենք տեսնել թումանյանական կերպարներ՝ «Մի կաթիլ մեղր», «Կիկոսի մահը» և այլն»:
Նշենք, որ խճանկարն իրականացնելու գործում աջակցել է նաև «Մանե Թայլս» ընկերությունը, որը զբաղվում է խճանկարի համար օգտագործվող սալիկների արտադրությամբ:
Լուսինեին նկարն իրագործելու համար օգնել են 6 աղջիկ և մի տղա: Խճանկարի բացումը, ըստ նախնական պայմանավորվածության՝ տեղի կունենա հուլիսի 14-ին:










































