Համակարգն է փտած, այդ պատճառով դիմում են ուժային կառույցներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով երեկ՝ երեկոյան, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Աճառյան փողոցում տեղի ունեցած իրադարձություններին:
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ Ռուբեն Հայրապետյանը ներկայացնում է գործող համակարգի տեսակը, դեմքը: Կառավարման փորձագետի խոսքով՝ ինչքան էլ մեղանչեն, կոկորդիլոսի արցունքներ թափեն, երևույթն այն է, որ նման դեպքերը եղել են, կան, կլինեն մինչև այդ համակարգը չկազմաքանդվի:
«Ռուբեն Հայրապետյանի տուն գնալով՝ հասարակությունը ցույց տվեց, որ համբերության բաժակը լցվել է: Հիմա կարող ենք մենք այլ անձի, դեպքի հետ կապված ասել նույնը, սա պարզապես այսպես դասավորվեց: Ինչ էլ ասենք, խնդիրն այն է, որ այն համակարգը, որը մեզ մոտ կա, բոլոր ասպարեզներում պետք է վերանա, ոչնչանա իր էությամբ, որովհետև ոչ միայն այն բավարար չէ իր մրցունակությամբ, այլև տանում է քարե դար, այն ապագա չունի, միակ նպատակն է հարստանալ ամեն կերպ»,- մեկնաբանեց մասնագետը՝ ընդգծելով, որ աշխարհում շատ ավելի հզոր նման համակարգեր են փլվել, հետևապես թող ոչ մեկին չթվա, որ կարելի է այսպես քարշ տալով, անվերջ, ամեն գնով հարստանալու նպատակը պահել:
Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ ուժային համակարգին օգնության կանչելն այս համակարգի վերջին հույսն է, սակայն մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ այդ հույսն էլ է փշրվում: