Այսպիսի երկրի մասին չէին ըղձում, երբ Արցախյան շարժման ցասմամբ բարձրացած ժողովուրդը վեր էր պարզում բռունցքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան իրադարձությանը:
Նա նշեց, որ նման խնդիր չէինք ունենա, եթե իշխանություններն ավելի քան 20 տարի չշոյեին Ռուբեն Հայրապետյանին և բոլոր այն անձանց, որոնք ոչ միայն յուրացրել են նյութական արժեքները և հարստությունը` աղքատացնելով բնակչության 90%-ին, այլև սեփականաշնորհել են բոլորի հնարավորությունները, բոլորի իրավունքները, իսկ հիմա էլ իրենց են վերագրում պատժելու, հաշվեհարդար տեսնելու, ինքնադատաստան իրականացնելու իրավունքը:
«Կհասկանայի մինչև անգամ, եթե կրակոցով սպանած լինեին, բայց մարդկային կերպարանքը կորցրած և մարդասպանության վարժեցված էակ են` ոհմակային բնազդներով, դրանք խավ կամ տոկոս չեն, դրանք հասարակության տականքն են: Հուսամ, որ դեռ մարդկային մի բան մնացել է այդ անձանց մեջ, բայց ոչ միայն հայ տղամարդուն, ընդհանրապես տղամարդուն վայել չէ դաժան ծեծով հասցնել մահի»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով, թե չի կարծում, որ իրավապահ մարմինները պատրաստ են համարժեք գնահատական տալ:
Նա նաև ասաց, որ մտել ենք մի շատ հատկանշական տարի` Ղարաբաղյան շարժման 25-րդ տարին է. «Մեր սերունդը և երիտասարդները այսպիսի երկրի մասին չէին ըղձում, երբ Արցախյան շարժման ցասմամբ բարձրացած ժողովուրդը վեր էր պարզում բռունցքները»: