Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները՝ Ալան և Գամալը երկուշաբթի կկանգնեն Կահիրեի քրեական դատարանի առաջ՝ Բորսայում պետական բանկի ակցիաների հետ կապված խարդախությունների մեղադրանքով: Դատախազությունը Մուբարաքի որդիներին ու ևս 7 գործարարների մեղադրում է Կահիրեի բորսայում «Ալ-Բանկ Ալ-Վատան» բանկի բաժնետոմսերի վաճառքի ժամանակ խարդախությունների մեջ: Մասնավորապես հաղորդվում է, որ նրանք արտասահմանյան օֆշորներում գրանցված մատակարար ընկերությունների միջոցով մանր բաժնետերերից ձեռք են բերել բանկի բաժնետոմսերը: Դատախազությունը պնդում է, որ մեղադրյալները չեն բացահայտել տեղեկատվությունը բաժնետոմսերը վերջնական սեփականատերերի մասին, ինչը Եգիպտոսի արժեթղթերի շուկայի աշխատանքների կանոնների խախտում է: Այս պահին մեղադրյալների հաշիվները սառեցված են, պետությունը պատրաստվում է վերադարձնել գումարները պետական գանձարան:
Եգիպտական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ալան և Գամալը փորձել են խուսափել դատարանից և առաջարկել են փոխհատուցել հասցված վնասը մինչդատական ընթացակարով: Սակայն գլխավոր դատախազությունը մերժել է այդ խնդրանքը՝ հիմնվելով այն բանի վրա, որ խոսքը պետական միջոցների հետ կապված խարդախությունների մասին է:
Հետաքննության կարծիքով՝ խարդախությունների արդյունքում Ալա և Գամալ Մուբարաքներն ու նրանց գործընկերները անօրինական ճանապարհով հարստացել են 2.5 մլրդ եգիպտական ֆունտով (ավելի քան 420 մլն դոլար): Ավելի ուշ այդ գումարները տեղափոխվել են արտասահմանյան հաշիվների վրա:











































