Վրաստանը պատրաստակամություն է հայտնել ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Կրասնոդարի մարզ ուղարկել փրկարարների խումբ: Այս մասին հուլիսի 8-ին հաղորդել է Itar-Tass-ը` հղում անելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեի հայտարարությանը:
«Վրացական փրկարարական ջոկատները պատրաստ են ուղևորվել Կրասոնդարի շրջան օդով կամ ծովով` տարերքի դեմ պայքարելու փրկարարական գործողություններին մասնակցելու համար»,- հայտարարել է Մանջգալիձեն: Ինչպես նշում է գործակալությունը, Սաակաշվիլին նաև ցավակցել է ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Կուբանում տեղի ուենցած մարդկային կորուստների կապակցությամբ իր ցավակցությունն են հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ուկրաինան և Հայսատանը Ռուսաստանին իրենց օգնությունն են առաջարկել ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում: Վրաստանի և Ուկաինայի աջակցության առաջարկին Ռուսաստանը դեռ չի արձագանքել, իսկ ահա Հայաստանի օգնությունից հրաժարվել է` հայտարարելով, որ դրանում դեռ անհրաժեշտություն չկա:
Համաձայն վերջին տվյալների` Կրասնոդարի շրջանում բնության տարերքի զոհ է դարձել 171 մարդ: Ջրհեղեղից ամենից շատ տուժել են Կրիմսկ, Գելանջիկ և Նովոռոսիյսկ քաղաքները: