Վաղը` հուլիսի 8-ին, Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:
Թեև փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է երեկոյան ժ. 19.00-ին, մինչ այդ սակայն, ֆիլմասեր հասարակությունը վաղ առավոտից հնարավորություն ունի դիտել փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը:
«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում հուլիսի 8-ին` ժ. 10.00-ին, կցուցադրվի ռեժիսոր Մքայել Վաթինյանի «Ժաննան ու ձայները» (2011) ֆիլմը: Սցենարի հեղինակներն են Միքայել Վաթինյանն ու Արմինե Անդան: Ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 10-ին` ժ. 20.00-ին նույն վայրում:
«Մոսկվա» կ/թ-ի կարմի դահլիճում ժ. 10.00-ին կցուցադրվի ռեժիսոր Կատրին Լաուրի (Էստոնիա, 2011) «Գերեզմանապահի դուստրը» ֆիլմը: Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների` «Լավագույն բալթյան ֆիլմ», FIRPRESCI-ի մրցանակ (ՙ«Արսենալ» ՄԿՓ, Ռիգա, Լատվիա), «Լավագույն էստոնական ֆիլմ» (ՙ«Սև գիշերներ» ԿՓ, Տալլին, Էստոնիա): Ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 10-ին` ժ. 14.00-ին, «Մոսկվա» կ/թ-ի կապույտ դահլիճում:
«Մոսկվա» կ/թ-ի փոքր դահլիճում առավոտյան ժ. 10.00-ն կցուցադրվի նաև ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի «Առնո» ֆիլմը (Ռուսաստան, 2012) : Տիկնիկային թատրոնի դահլիճում ժ. 10.00-ին կցուցադրվի ռեժիսորներ Էմադ Բուրնաթի, Գի Դավիդի «Հինգ կոտրված տեսախցիկ» (Պաղեստին, 2011) ֆիլմը, որը կցուցադրվի նաև նույն օրը` ժ. 18.00-ին, նույն վայրում:
«Մոսկվա» կ/թ-ում ժ. 11.30 կցուցադրվի նաև Արդեն Գասպարյանի «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը (Հայաստան, 2011), ժ. 12.00-ին կինոթատրոնի տարբեր սրահներում կցուցադրվեն Ուրսուլա Մայերի Շվեյցարիա / Ֆրանսիա
2011, «Քույրը» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» (Գերմանիա/Ռուսաստան, 2011), Օլեգ Սենցովի «Գամերը» (Ուկրաինա, 2011), Ֆերնան Մելգարի «Հատուկ չվերթ» (Շվեյցարիա, 2011) ֆիլմերը:
Ի դեպ, փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմեր կարելի է դիտել «Նաիրի», «Մոսկվա» կինոթատրոններում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:









































