Իրանի իշխանությունները պատրաստվում են փակել Հորմուսի նեղուցը այն դեպքում, եթե երկրին լուրջ վտանգ սպառնա: Այս մասին հաղորդում է տեղի ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հանրապետութան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադիին:
«Մենք ծրագրեր ունենք փակել Հորմուզի նեղուցը, քանի որ զինհրամանատարները պետք է ցանկացած իրավիճակում գործողությունների ծրագիր ունենան: Սակայն Իրանը, ռացիոնալ կերպով գործելով, չի փակի միջանցքը, որով անցնում է համաշխարհային էներգառեսուրսի 40%-ը, քանի դեռ չի բախվի շատ լուրջ սպառնալիքի հետ»,- ասել է նա:
Գեներալի խոսքերով՝ «նման գործողություն անցկացնելու հրաման կարող է տալ միայն ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հավանությամբ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հարցերով կոմիտեն մշակել է օրինագիծ, որով նախատեսվում է փակել Հորմուզի նեղուցը իրանական նավթի էմբարգոյին միացած երկրներ շարժվող լցանավերի համար:
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որպեսզի Իրանը ի պատասխան իր դեմ պատժամիջոցների, փակի Հորմուզի նեղուցը:











































