ԱՄՆ-ը անհանգստություն է հայտնել կապված Ռումինիայի խորհրդարանի կողմից երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին իշխանությունից հեռացնելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունը կարծիք է հայտնել, որ Ռումինիան պետքէ շարունակի հետևել ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին:
Իմփիչմենթի գործընթացը նախաձեռնվել էր ձախակենտրոն կոալիցիայի կողմից: Որոշմանը կողմ էին արտահայտվել 258 խորհրդարանական, դեմ՝ 114: Որոշմամբ նախագահ Բեսեսկուի լիազորությունները ժամանակավորապես՝ 30 օրով, դադարեցվում են: Մեկ ամսվա ընթացքում երկրում պետք է հարաքվե անցկացվի նախագահին իշխանությունից զրկելու վերաբերյալ: Ժամանակավորապես նախագահի պարտականությունները կկատարի ձախակենտրոն կոալիցիայի ներկայացուցիչ Կրին Անտոնեսկուն:
Տրայան Բեսեսկուն Ռումինիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նրա քաղաքական հակառակորդները նրան մեղադրում են վարվող քաղաքականության համար՝ գտնելով, որ այն վտանգ է ներկայացնում երկրի շահերին:











































