Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը կալանք է դրել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Բուրջի» ընկերության բանկային հաշիվների վրա:
«Բուրջին» 2012թ. ընթացքում ձեռք է բերել մի քանի միլիոն լարի արժողությամբ մինչև 250 միավոր ավտոփոխադրման միջոցներ, որոնցով ծառայություններ են մատուցվում «Վրացական երազանք» («Քարթուլի օցենբա») կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններին, հաղորդում է Грузия Online-ը:
«Այդ ավտոմեքենաները անվճար դրված են ոչ միայն կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունների անդամների տրամադրության տակ, այլև դրանց օգնությամբ ապահովվում է «Քարթուլի օցենբա»-ի կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց անհատույց տեղափոխումը: Համապատասխանաբար, ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը որոշում է ընդունել «Բուրջի» ՍՊԸ-ն համարել իրավախախտ և սպասվող պատժամիջոցների շրջանակներում կալանք է դրել այդ ընկերության բանկային ունեցվածքի վրա: Այդ որոշումը համապատասխան հաստատման համար ուղարկվել է Թբիլիսիի քաղաքային դատարան»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:











































