Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյը զարդարված է «Մայքրոսոֆթի» դրոշակներով՝ մեկնարկել է «Երևակայության գավաթ» միջազգային մրցույթը: Հայաստանը մրցույթում ներկայացնում է mLab-ի թիմը՝ իր «Մաքուր ջուր» նախագծով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Մայքրոսոֆթի» Ինովացիոն կենտրոնի ծրագրի ղեկավար, մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչներից Եվա Հյուսյանը, մրցույթը բաղկացած է 3 փուլից, և մի քանի ժամ առաջ մեր թիմը ներկայացրել է իր նախագիծը՝ խմելու ջրի մաքրության ստուգման սարք, որը միանում է բջջային հեռախոսին և ստուգում է ջրի մաքրությունը, վերլուծում, թե ինչ հիվանդություն կառաջացնի և այլն: Արդյունքները հայտնի կլինեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո:
«Ազնվորեն ասեմ՝ շատ անհանգիստ եմ, որովհետև մեր հնարավորությունները լավ եմ գնահատում: Կարծում եմ, որ ներուժ ունեն և, եթե երեխաները շարունակեն իրենց լավ դրսևորել, ապա ծրագիրը այնտեղ ներկայացված մյուս ծրագրերի համեմատ շատ ուժեղ է: Անհանգիստ սպասում ենք արդյունքներին»,- ասաց Հյուսյանը:
Մրցույթին մասնակցում են մոտ 130 երկրների թիմեր, որոնցից երկրորդ փուլ անցնելու են 15-20-ը, որոնցից վաղը կայանալիք երկրորդ փուլում կընտրվի 5 թիմ, որոնք էլ հուլիսի 9-ին կպայքարեն առաջին տեղի համար:
Սիդնեյում մեր աղբյուրները հայտնեցին, որ մեր թիմը շատ լավ է ելույթ ունեցել և հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են: Հետաքրքիր նախագծեր են ներկայացրել ռուսները՝ առողջապահական ոլորտից, սինգապուրյան թիմը՝ ուղեղի աշխատանքի հետ կապված: Բոլոր նախագծերին հնարավոր կլինի ծանոթանալ այսօր Սիդնեյում կայանալիք ցուցահանդեսի ընթացքում:
Հիշեցնենք, որ համաշխարհային մրցույթի հաղթողը, բացի 20 հազար դոլար մրցանակից, նաև կապեր հաստատելու և իր հետագա առաջխաղացումն ապահովելու մեծ հնարավորություն է ստանում:
«Մայքրոսոֆթի» «Երևակայության գավաթ» մրցույթն անցկացվում է արդեն 10 տարի: Յուրաքանչյուր տարի մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում է տարբեր երկրներում: Անցյալ տարի մրցույթին գրանցվել էին ավելի քան 358 հազար ուսանողներ՝ շուրջ 183 երկրներից:











































