Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. ««Վիքիլիքս» հայտնի կայքի հրապարակած հերթական 4 փաստաթղթերից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագիրն է, որ վերաբերում է թրաֆիքինգի (մարդավաճառության) և պոռնոբիզնեսի խնդրին։
Հայաստանն արդեն մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում գրանցված էր թրաֆիքինգի սև ցուցակի մեջ։ Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով, որ այդ շրջանակներում գործ ունենք նաև մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երևույթի խորացման գլխավոր պատճառը համարում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայր աղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ Փաստաթուղթը կազմված է այդ ասպարեզում ԱՄՆ դեսպանատան կատարած ուսումնասիրությունների և տվյալ խնդրի շուրջ դեսպանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցի հիման վրա։
«Վիքիլիքսի» այս սկանդալային բացահայտումը ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի և պոռնոբիզնեսի հովանավորությամբ։ Խայտառակ այս իրողության բացահայտման հանդիման, եթե Ազգային ժողովը և Ս. Սարգսյանը անմիջապես պաշտոնանկ չեն անում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, և նրա դեմ չի իրականացվում քրեական հետապնդում, ապա նրանք ստանձնում են լիակատար պատասխանատվություն գլխավոր դատախազության հանցավոր գործողությունների համար՝ ցույց տալով, որ, ըստ էության, թրաֆիքինգը և պոռնոբիզնեսը Հայաստանում հովանավորվում են բարձրագույն իշխանությունների կողմից»։