Ինդոնեզական Սուրակարտա քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են այգու «բնակիչներից» մեկին` կապիկին, ուղարկել վերականգնողական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Թորի անվամբ էգ օրանգուտանին կձերբազատեն ծխելու վնասակար սովորությունից, որը նա ձեռք էր բերել 10 տարի առաջ:
Այգու աշխատակիցների խոսքով՝ Թորիի ծխելու սովորության մեղավորը այգու այցելուներն են: Նրանք պարբերաբար նրա վանդակ են նետել ծխախոտի մնացորդներ, նա էլ վերցնելով դրանք` սկսել է ծխել: Այս տարիների ընթացքում օրանգուտանը մոլի ծխող է դարձել: Դա սկսել է վատ անդրադառնալ նրա առողջության վրա:
Այժմ այգու տնօրինությունը մտադիր է Թորիին և նրա զուգընկերոջն ուղարկել մեկուսացված կղզի, որտեղ նրանց մոտ այցելուներ չեն գնա: Այգի վերադառնալուն պես` աշխատակիցները խստիվ կհսկեն, որպեսզի այցելուները կապիկին ծխախոտ հյուրասիրելու փորձ անգամ չանեն:











































