ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգելու Հարավային Սուդանում դիտորդական առաքելության մանդատը։ Համաձայն ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի՝ Հարավային Սուդանի տարածքում կտեղակայվի մոտ 7 հազար խաղաղապահ, այնտեղ կաշխատեն նաև ՄԱԿ-ի մոտ 900 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետներ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերով՝ Հարավային Սուդանը, որն անցած տարի է հռչակել իր անկախությունը և համարվում է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը, պետք է համագործակցի Սուդանի հետ․ «Եկել է վճռորոշ պահը Սուդանի և Հարավային Սուդանի համար։ Խարտումի և Հարավային Սուդանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը թույլ կտա վերջինիս ավելի արդյունավետ լուծել նրա առջև ծառացած հարցերը»,- նշել է Պան Գի Մունը։










































